
Այս ճանապարհին կառանձնանա մի վայր, որ մարդուն ապշահար կանի իր բնանկարով: Հեռվում բարձրաբերձ Մռավա լեռներն են /3341մ/, Գոշասարը /3724մ/ ամպերի մեջ մխրճված ձյունոտ գագաթներով: Ներքևում սարերի ստորոտով հոսող Թարթառ գետն է՝ արձաթափայլ գոտու նման:


Հայրենի եզերքի հենց այս չնաշխարհիկ վայրում, ուր վերջանում է հյուսիս- հարավ ճանապարհը, փռված է Սարսանգի ծովակը՝ վայրի բնության գոհարը: Տարվա 6 ամիսներն էլ այստեղ բարենպաստ են հանգստանալու համար: Ցանկացած եղանակ իր անկրկնելի անակնկալներն ունի: Շաղոտ- շողոտ առավոտները, արևի բուժիչ էներգիան, Թարթառ գետի ու Սարսանգի ծովակի ջրերում լողը շուրջդ խայտացող ձկների հետ ու արևի լոգանքը՝ ոսկեգույն ավազների մեջ, ափին քաղցրահամ մրգերի թփերը՝ հոնը, մոշը, մորին, տանձն ու խնձորը քո առջև կբացվի վայրի բնության շտեմարանը և դու կգտնես երկարակեցության գաղտնիքը:






