Դիլիջանը Հայաստանի զբոսաշրջային ամենապահանջված քաղաքներից է: Առողջարանային այս հանգստավայրը առանձնանում է իր լեռնային կլիմայով, կանաչապատ անտառներով, սառնորակ աղբյուրներով: Այս չքնաղ բնաշխարհը ոչ միայն կազդուրում է, այլ նաև տեղական խոհանոցն ապահովում է էկոլոգիապես մաքուր, անապակ ու բնական բազմազան ու անզուգական սննդամթերքով:
   Այստեղ առաջարկվող յուրաքանչյուր ուտեստ, հարուստ ու խիստ օգտակար կալորիականությամբ հագեցած լինելուն զուգընթաց, բացառիկ է նաև իր համային ու որակական հատկություններով: Բնությունն այստեղ դեղաբույսերի անսպառ շտեմարան է, որոնք խելամտորեն օգտագործվում են ազգային բոլոր կերակրատեսակներում:
  Հայկական խոհանոցը, իր խոհարարական ժառանգության հազարամյա պատմության ընթացքում մշտապես կատարելագործվելով, նորովի բարեփոխվելով, հարստացել է ժամանակակից նրբերանգներով:
   Պահպանել ազգային խոհանոցի ավանդույթները, նպաստել դրանց մասսայականացմանը, նորովի ձև ու բովանդակություն հաղորդել, սպասարկման մշակույթը նոր որակական սանդղակի բարձրացնել, հասարակական սննդի կառույցը հանգստի ու ժամանցի սովորական վայրից վերափոխել ազգային խոհանոցի կենդանի ու համանդամ պատկերասրահի, ահա այն առաքելությունությունը, որով իր բացման առաջին օրվանից Դիլիջանի «ԿՃՈՒՃ» ռեստորանը համարձակ հայտ ներկայացրեց:
  Դիլիջանի աննման բնության գրկում, կանաչ ծառ ու ծաղկունքով շրջապատված հեքիաթային գողտրիկ տնակ հիշեցնող այս հայկական ջերմ ու հյուրընկալ օջախը, բովանդակալից հանգիստ ու ժամանց անցկացնելու համար բոլոր պայմաններն ունի: Այն տեղաբնակների համար քաղաքի կոլորիտի բաղկացուցիչ ու կարևոր մասն է դարձել, իսկ օտարերկրյա հյուրերի համար հայ մարդու հյուրասիրության և հյուրընկալության բազմադարյա ավանդույթներին ծանոթանալու լավագույն միջոց։

   «ԿՃՈՒՃ» ռեստորանը ոչ միայն հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին, այլ նաև ամենօրյա իր պրպտուն գործունեության արդյունքում, դարձել է քաղաքի լավագույն, մշտապես մարդաշատ, պահանջված օջախներից մեկը: Ավելին, այն իր մատուցման նորարարությամբ եզակի է: յուրօրինակ մանրակերտն է՝ իր խիստ ազգային կահավորմամբ, հյուրընկալության և հյուրասիրության հազարամյա ավադույթներով:
     Ցանկացած բիզնես ծրագրի իրականացումը, երբ նախաձեռնում է ոլորտը՝ լիակատար տիրապետող, բազմիմաց, կիրթ, ազգային արմատներին մոտ կանգնած ու պրոֆեսիոնալ անհատականություն՝ արդյունքն ակնհայտ է։ Այսպիսին է ռեստորանի տիրուհին՝ Վարդա Ավետիսյանը։ Այդ է պատճառը, որ այս նախագիծը նման հաջողություն և արձագանք ունեցավ։

   «ԿՃՈՒՃ» ռեստորանը յուրօրինակ է ոչ միայն իր կերակրացանկի բազմազանությամբ, այլ նաև դրանց մատուցման օրիգինալությամբ։
      Այստեղ ուտեստները եփվում և մատուցվում են թրծման ու պատրաստման արդյունավետությամբ առանձնացող կճուճներով, որոնք գյումրեցի ժողովրդական վարպետի ձեռքի աշխատանքներ են։ Կճուճներում ուտեստները ձեռք են բերում համային նոր որակներ, առավել առողջարար են, երկար են պահպանում օգտագործված բաղադրիչների ախորժաբեր համն ու հոտը։