Այստեղ բաց են ու ընթեռնելի հազարամյա պատմության էջերը: Այստեղ վայրի բնությունը դեռ պահպանում է նախամարդու հետքերը : Այստեղ հանգրվանել, նշանակում է ամեն օր բացահայտել առեղծվածային հրաշքներ և օրերն իմաստավորել հեքիաթային վայելքներով:

      Հայաստանում էքստրեմալ տուրիզմի ամենապահանջված վայրերից է Լաստիվերը:
Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետի ափամերձ տարածքում բնությունն իր ողջ շքեղությամբ ու հմայքով, արդեն իսկ դրախտային միջավայր է ստեղծել: Սաղարթախիտ անտառներով լեռնաշղթաները, նրանց խորքերից սկիզբ առնող բնական աղբյուրները, չքնաղ ջրվեժն ու փիրուզե լիճը, հնամյա քարանձավներները, ձորերն ու կիրճերը, զարմանահրաշ բնապատկերները այս տարածքին մի անբացատրելի խորհրդավորություն են հաղորդում:
Վայրի բնությունը սանձահարելու և այն հանգստի ու ժամանցի անկրկնելի գոտի դարձնելու համար, երկար տարիների ստեղծագործ աշխատանքի ու նորարական մտահղացումների արդյունքում, Լաստիվերը ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի տարբեր կողմերից այստեղ հյուրընկալվող զբոսաշրջիկների համար իսկական հայտնություն դարձավ:

Հագեցած ու բազմաբովանդակ առօրյայով են ապրում այստեղ հանգրվանած հյուրերը:




Բնական բույսերով և հումքով հյուսված տնակները, զրուցարաններն ու խոհանոցները, ավանդական կահ կարասիներով ու յուրօինակ ձևավորմամբ այս տարածքը բնության հետ անմիջականորեն հաղորդակցվելու, այս բնաշխահի տերը զգալու լիարժեք հնարավորություն են ընձեռում:

      Երբ հսկա ապառաժը քեզ համար տանիք է դառնում, հինավուրց ժայռապատկերները, ասես քեզ հետ կենդանի զրույց են անում, երբ մշակութային գլուխգործոց ներ են քեզ շրջապատող քանդակներն ու քարե դաջվածքները, հասկանում ես, որ այս ժայռակոփ կացարաններում անցկացրած ամեն օրը անջնջելի հիշողություն է դառնալու:
Քայլարշավներ, էքստեմալ սպորտաձևեր, կազդուրող ու ակտիվ հանգստի բոլոր հնարավորությունները, միջոցներն ու պայմանները առկա են այստեղ:



Լաստիվերում երեկոները նույնպես էկզոտիկ են, հագեցած են ու տպավորիչ:
      Առանձնակի ու յուրատեսակ են նաև այստեղ մատուցվող կերակրատեսակները: Բնությունը ոչ միայն իր հմայքով, այլ նաև իր բերք ու բարիքով է զարմացնում: Լիճն ու գետը լի են խայտացող ձկներով, անտառները՝ սունկերի տեսակներով ու հատապտուղներով, այգիները՝ արևահամ մրգերով, մարգագետինները՝դեղաբույսերով, որոնցից այստեղ անմահական թեյեր ու օշարակներ են պատրաստում :
      Իջևանել Լաստիվերում, նշանակում է բացահայտել բնության կախարդանքը, ամեն օրը հագեցնել ադրենալինի անսպառ չափաբաժնով, ձեռք բերել համախոհներ, միասին հաղթահարել փորձություններ, զվարճանալ և վայելել տավուշցիների սրտաբաց հյուրընկալությունը: