Քրիստոնյա աշխարհի հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը տարիներ շարունակ եղել և մնում է բազմահազար տուրիստների ամենանախընտրելի հանգրվաններից մեկը: Պատմամշակութային հոյակերտ ու բացառիկ կոթողների խնկաբույրը մոգական շնչով են պարուրում այս քաղաքը, նրան դարձնելով մշտապես ձգող ու առեղծվածային: Այստեղ ծնված ազնիվ և ազգանվեր մտահղացումները ի վերոստ օրհնված ներշնչանքով են իմաստավորվում: Նման մի երազանք ուներ Մաչանենց Գրիգորը՝ արվեստասեր ու արվեստագետ, ու այն ստացավ ձև ու բովանդակություն, կերպարանք, որ տարիներ անց բազմահազար օտար մարդկանց համար արժեվորվեց և դարձավ հոգեհարազատ:
         Նրա շուրջ համախմբվեցին հայրենիքի մանրակերտը իրենց հոգում փայփայող մարդիկ և այն դարձրին այսքան իրական, ապրող ու ապրեցնող:Հայաստանի մշակույթի, պատմության, կենցաղի, ազգային սովորույթների պատկերասրահ է Մաչանենց տուրիզմի և մշակույթի հյուրընկալ այս վայրը: Միայն 2014թ այստեղ ընդունել են շուրջ 12000 հազար հյուր:
         Գորգարվեստի, ասեղնագործության, կավագործության, խեցեգործության, ազգային խոհանոցի, պար ու երգի վարպետության դասեր: Կերպարվեստի, ազգային տարազների ցուցադրումներ և, իհարկե, հյուրասիրություն, որը նախևառաջ բարձրարվեստ արարողակարգ է՝ ազնվական վարք ու բարք ունեցող հայ ժողովրդի համար:
         «Machanents tourism & art»-ը հիմնվել է 2010թ.-ին, նպատակն է նպաստել ՀՄԽ-ի ինքնաբավությանը՝ զբոսաշրջության միջոցով, որը ներառում է հյուրընկալություն (ազգային խոհանոց), վարպետության դասեր, հյուրատուն: «Մաչանենց» ապրանքանիշը ներկայացնում է մշակութային տուրիզմ Էջմիածնի հնագույն փողոցներից մեկում: Որտեղ հյուրերը կարող են այցելել տարածքում գործող թանգարանները և պատկերասրահները:
         Իր գործունեության սկզբից ՀՄԽ-ն հետամուտ է եղել արհեստա-գործական և արտադպրոցական կրթության ապահովմանը: ՀՄԽ-ն խոցելի խմբի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար սովորել տարբեր արհեստներ և արվեստներ` բացահայտելով և զարգացնելով նրանց հմտությունները: ՀՄԽ-ի սաներից շատերը կազմակերպությու-նում ձեռք են բերել մասնագիտական կողմնորոշում և այսօր հաջողությունների են հասել իրենց բնագավառներում: