Հայաստանում տուրիզմի զարգացման գործում շատ հաճախ նպաստավոր պայմաններ են ստեղծում հարուստ պատմամշակութային բացառիկ արժեքների առկայությունը, բնաշխարհի անկրկնելի բնապատկերները, հյուրընկալության և հյուրասիրության դարավոր ավանդուրթները և այլ նպաստավոր հանգամանքներ: Այսուհանդերձ այդ ամենը նպատակային ու արդյունավետ դարձնելու համար պակաս կարևոր չէ նաև իրենց գործում պրոֆեսիոնալ մարդկանց նվիրումն ու ստեղծագործ միտքը:
       Նման մի օրինակելի մտավորականների Ռուզան Ղազարյանի և Շիրակ Միրաքելյանի ակտիվ ու բազմաբովանդակ գործունեության շնորհիվ այսօր Հայաստանի Վայոց Ձորի մարզում ոչ միայն հիմնադրվեց զբոսաշրջային կենտրոն, այլ նաև այն դարձավ մարզում տուրիզմի զարգացման շարժիչ ուժն ու ավանգարդը:

       Ամենահամարձակ մտահղացումները այստեղ կարճ ժամանակում շունչ ու մարմին էին ստանում, դառնում բացառիկ ոչ միայն տարածաշրջանի համար: Տուրիզմի կենտրոնը վաստակեց վստահություն և աջակցություն, իր շուրջը համախմբեց տուրիստական ընկերություններ, կազմակերպություններ և մարզից և արտերկրից:
   Տուրիզմի կենտրոնում կազմակերպվում են տարբեր, այդ թվում տուրիզմի թեմայով դասընթացներ, քննարկումներ, կոնֆերանսներ, շնորհանդեսներ, դրանց թվում «Էկոագրոտուրիզմի հնարավորությունները Վայոց ձորում», «Այլընտրանքային տուրիզմի հնարավորույունները Վայոց ձորում» և այլն:

        Տուրիզմի կենտրոնն անվճար տեղեկատվություն է տրամադրում զբոսաշրջիկներին ու հայաստանյան զբոսաշրջային ընկերություններին, հավաքում, պահպանում ու տարածում է տեղեկատվություն Վայոց ձորի մարզի տուրիստական հնարավորությունների մասին, աջակցում է մարզում տուրիստական բովանդակությամբ տեսաֆիլմերի նկարահանմանը, ավանդական դարձած «Արենի Գինու փառատոնի» կազմակերպիչներից մեկն է:

        Կենտրոնը տպագրել է նաև «Վայոց ձոր. ավանդական մշակույթ, հրաշալի բնություն, արևահամ բարիքներ» տուրիստական տեղեկատուն և «Վայոց ձորի մարզի ավանդական խոհանոց» գրքերը` ցանկանալով Վայոց ձորը ներկայացնել իր զբոսաշրջային հնարավորությունների ողջ բազմազանությամբ:
       ՎԱՅՔ Տուրիզմի կենտրոն-հյուրանոցի բազմաթիվ այցելուներ նշում են, որ այն ավելին է, քան պարզապես զբոսաշրջային օբյեկտը, այն ԱՐԺԵՔ է.
        «Վայք» տուրիզմի կենտրոն-հյուրանոցը ժամանակակից եռահարկ կառույց է, որի առաջին հարկում գտնվում է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը, ռեստորանը, որը ծառայում է նաև որպես հանրային միջոցառումների կազմակերպման վայր/հանդիպումներ, կոնֆերանսներ, ֆորումներ/:

        Այստեղ կարող են կազմակերպվել նաև զվարճալի միջոցառումներ և կինոցուցադրումներ զբոսաշրջիկների համար: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է հայկական և վայոցձորյան խոհանոցի յուրահատուկ ճաշատեսակներ` կազմակերպելով նաև այդ ճաշատեսակների պատրաստման վարպետության դասեր ու ցուցադրելով համապատասխան տեսանյութեր:
       Երկրորդ և երրորդ հարկերում տեղակայված են 10 հյուրանոցային սենյակներ, որոնց ներքին ձևավորումն ու կահավորանքը հարմարավետ է և հաճելի:Հյուրանոցն ապահովված է մշտական տաք և սառը ջրով, օդորակիչով, WIFI ինտերնետ կապով, արբանյակային հեռուստաալիքներով: